շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
2025 թվականի մարտ ամսվա կլիմայական նկարագիր՝ մարտն իր տարերքի մեջ էր

2025 թվականի մարտ ամսվա կլիմայական նկարագիր՝ մարտն իր տարերքի մեջ էր

2025 թվականի մարտը Հայաստանում առանձնացավ ջերմաստիճանային կտրուկ տատանումներով, դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ և միևնույն ժամանակ ջերմաստիճանի անկումներ։ Մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31․3°C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է մարտի 5-ին Աշոցքում՝ -23․0°C։ Այս մասին հայտնոում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
 
Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․8°C, որը նորմայից բարձր էր 2․9°C-ով։ 2025 թվականի մարտը վեցերորդ տաքն էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը՝ 45․6 մմ, մոտ էր նորմային՝ կազմելով նորմայի 92․1 %-ը։
 
Մարտի սկիզբը բնութագրվեց ցրտաշունչ օրերով, սակայն հզոր տաք ալիքի ազդեցությամբ պայմանավորված, մարտի երկրորդ տասնօրյակում դիտվեցին աննախադեպ բարձր ջերմաստիճաններ։ Այս օրերին օդերևութաբանական կայանների մեծ մասում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ։
 
Մարտի 13-ից 18-ը օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում և Արարատյան դաշտում հասավ 25-30°C-ի, իսկ լեռնային շրջաններում՝ մինչև 15-18°C։ Այս օրերին միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 8-12 °C-ով։ Տեղումների և սառը օդային զանգվածների ներթափանցման շնորհիվ մարտի 20-ից 24-ը շրջանների զգալի մասում դիտվեց օդի ջերմաստիճանի անկում, սակայն օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ ամսվա վերջին օրերին։
 
1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5°C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին՝ – 6․3°C միջին ամսական ջերմաստիճանով։
 
Ամենախոնավ մարտը դիտվել է 1969 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 94․6 մմ, իսկ ամենաչորը՝ 1951 թվականին, ընդամենը 13․4 մմ տեղումների քանակով։
 
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3.6°C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 2%-ով։

  • Կիսվել: