ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
1 զոհ, 3 վիրավոր. Կոտայքում «Chevrolet»-ը բախվել է գազախողովակներին, ապա բնակչի երկաթե դարպասին

1 զոհ, 3 վիրավոր. Կոտայքում «Chevrolet»-ը բախվել է գազախողովակներին, ապա բնակչի երկաթե դարպասին

Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Միտուշ Հ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել թիվ 98 հասցեի երկաթե դարպասներին ու քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միտուշ Հ․-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բանկիչներ 28-ամյա Արամ Հ․-ն, 27-ամյա Հովսեփ Մ․-ն և 30-ամյա Գոռ Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։ Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ գազախողովակների կոտրվելու արդյունքում այն հայտնվել էր փողոցի բանուկ մասում։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ  վիրավորներից Միտուշ Հ․-ն գիտակցության չգալով մահացել է։

  • Կիսվել: