Ծաղկաձորում մեկնարկել է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» երկօրյա վերապատրաստման դասընթացը
Նոյեմբերի 16-ին Ծաղկաձորում մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից կազմակերպված՝ «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը։
Դասընթացը կազմակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» 1984 թվականի կոնվենցիայի՝ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված կամընտիր արձանագրության հիման վրա ստեղծված Հատուկ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (SPT) անդամ Անիցա Տոմշիչը։
Իր խոսքում Անահիտ Մանասյանը կարևորել է կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով կարողությունների զարգացմանն ուղղված պարբերական միջոցառումները՝ ընդգծելով մշտադիտարկման պատշաճ մեթոդաբանության, առանձնազրույցների անցկացման, խորհրդապահության և այլ հանգամանքների կարևորությունը մանդատի ճիշտ իրականացման տեսանկյունից։
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է միջազգային հարուստ փորձառություն ունեցող փորձագետների ներգրավմամբ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման կարևորությունը՝ կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքների շարունակական կատարելագործման առումով։
Դասընթացի նպատակն է ամրապնդել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման, տեղեկությունների հավաքագրման և գնահատման, ազատությունից զրկված անձանց հետ հարցազրույցների անցկացման, փաստերի վրա հիմնված զեկույցների կազմման և արդյունավետ առաջարկությունների մշակման ուղղություններով։
Երկօրյա դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվում նաև հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկմանը վերաբերող միջազգային չափորոշիչներին և իրավական երաշխիքներին, հարցազրույցների անվտանգ ու գաղտնիության պահպանմամբ անցկացմանը, ինչպես նաև հնարավոր հաշվեհարդարի ռիսկերի բացահայտմանն ու դրանց արձագանքման մոտեցումներին։
Ծրագրում ներառված խմբային աշխատանքների, հարցազրույցների մոդելավորման և դերային խաղերի միջոցով մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքները՝ մշակելով մշտադիտարկման այցերի պլաններ, զեկույցներ և առաջարկություններ։
Նման վերապատրաստման դասընթացները կկրեն շարունակական բնույթ՝ նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։



