«Տղա ջան, ո՞վ է քեզ վախեցրել»․ հրդեհի գործով վկայի հարցաքննությունը ավարտվեց լարված մթնոլորտում
Սևանի դատարանում այսօր՝ հուլիսի 31-ին, ավարտվեց 15 զինծառայողի կյանք խլած զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին վկա Արսեն Սողոմոնյանի հարցաքննությունը, գրում է news.am-ը:
Նա դատարանում հայտարարեց, որ կողմ է պաշտոնական վարկածին․ «Ոնց կա, էդպես եմ կարծում»։
Դատավորի հարցին, թե այսօրն ինքն ում հետ է եկել, Արսեն Սողոմոնյանն ասաց․ «Վաղինակի հետ եկա, իր մեքենայով եմ եկել։ Անցած անգամ ես եմ առաջարկել իր հետ գալ, այս անգամ՝ ինքը։ Վաղինակի հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ, ամիսը մեկ անգամ շփվում ենք»։
Տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանը և դատախազները դատարանին միջնորդեցին՝ հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը․ «Վկան պարբերաբար ընդգծել է որ չի հիշում ժամերի հստակությունը, այն դեպքում երբ 2023 թվականի հունվարի 19-ին այսինքն՝ դեպքից մի քանի ժամ անց 12։20-16։00-ն որպես վկա հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում տվել մանրակրկիտ ցուցմունքներ, որտեղ նկարագրական մասում նաև մի քանի տեղ կոնկրետ ժամեր է ընդգծել»։
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Նորիկյանը հարցրեց, թե մինչև հարցաքննությունը ինքը արդյո՞ք շփվել է քննիչի հետ, ի՞նչ խոսակցություն են ունեցել․ «Դուք հրահանգավորված եք, որ այս հարցին այս կպատասխանես և այլն։ Ի՞նչ ունես պահելու, որ չես ասում։ Տղա ջան, ո՞վ է քեզ վախեցրել»։
«Մինչև հարցաքննությունը խոսակցություն ունեցանք քննիչի հետ, ասացի՝ ես չեմ կարող գրագետ շարադրել, ինքը մոտավոր պատկերացում ունեցավ դեպքի մասին, և նա գրագետ տարբերակով ասաց կգրի»,- պատասխանեց վկա Սողոմոնյանը։
Զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, հետաքրքրվեց՝ վկան ծանոթ լինելով զոհված զինծառայողների Ֆիզիկական կարողություններին, արդյո՞ք չէին կարող դուրս գալ կրակից, վկան ասաց․ «Ես էլ չէի հավատում, որ կարող է էսպես լինել»։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ սկսեց հավատալ պաշտոնական վարկածին, վկան ասաց․ «Ռադիկից եմ լսել»։
«Որ ռադիկից ես լսել, ուրեմն տենց է եղե՞լ։ Պաշտոնական վարկած առաջ քաշողի․․․ լակոտ, երեխուս տարիքին ես, թե չէ վիզդ կպոկեի»,- արձագանքեց զոհվածի հայրը։
Դատարանը ավարտեց վկայի հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։