Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան. Միրզոյանը՝ ընդդիմությանը
Ստացվում է՝ մի կողմից արձագանք է տրվում, որ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը գետնի վրա կա, արդեն առևտրաշրջանառությունը կա, բա այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չկա խաղաղության պայմանագիրը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։
«Ուզո՞ւմ եք պայմանագիր։ Այն տեքստը, որը գրված, նախաստորագրված է, վերաբանակցել չե՞ք ուզում։ Սա շատ կարևոր պատմական արձանագրում է։ Ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը բանակցելու, վերաբանակցելու կարիք չկա, նորմալ է և պետք է ստորագրել։
Հիմա՝ ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել։ Հիմա մյուս բանն եմ ասում։ Հասկացա՞ք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է՝ համաժողովրդական քվեարկությունը։ Մնացածը չի անցնում՝ ռազմական հեղաշրջում փորձել եք, կղերաֆեոդալական շարժում փորձել եք, մահափորձ փորձել եք, ինձ փորձել են սպանել, կաշառել փորձում են մինչև հիմա և այլն։ Ֆիքսե՞նք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևն ընտրություններն են։ Հետևաբար ձեզ պետք կլինի, որ օր առաջ գնանք ժողովրդի մոտ՝ էլի համաժողովրդական քվեարկության, չէ՞։ Նորից եմ անում քաղաքական առաջարկ՝ եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք էլ հենց այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի, գնանք, դա ձեզ համար առիթ է, մեզ ժողովուրդը կասի՝ ոչ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք։ Վատ բա՞ն եմ ասում։ Սիրելի՛ ժողովուրդ, լուծում եմ առաջարկում, պահանջեք, թող լինի», - ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին Ադրբեջանի վերջին նախապայմանն է, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք, որ եթե դա է վերջին կետը, քննարկելի է, կարող ենք գնալ դրան։ Եթե հաստատվի, որ դա վերջին քայլն է, որը պակասում է մեզ խաղաղության համար՝ վերջինը, գալի՞ս եք՝ գնանք դրան։ Մտածեք, ասեք»։



