ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով. փաստաբան

Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով. փաստաբան

Մանկավարժական համալսարանում գործող շախմատի գիտահետազոտական կենտրոնի գործունեության շրջանակներում պաշտոնական կեղծիքի և խարդախությանն օժանդակելու մեղադրանքներ են առաջադրվել Սմբատ Լպուտյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ Լպուտյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պարզաբանել է, որ տեղի ունեցածը որևէ կապ չունի Շախմատի ֆեդերացիայի կամ ակադեմիայի հետ, իսկ Լպուտյանը որևէ դիտավորյալ արարք չի կատարել և չի մեղադրվում պետական միջոցների հափշտակության մեջ։

Նշենք, որ նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու այլ աշխատակիցներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը։

  • Կիսվել: