Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։
Պատվիրակությունը գլխավորել են Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և ESTDEV-ի թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման։
Հանդիպումն անցկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցի տրամաբանական շարունակության շրջանակում՝ վերահաստատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ամրապնդման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Զրուցակիցները քննարկել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր, առկա մարտահրավերները, ինչպես նաև քաղաքացիների համար հանրային ծառայությունների մատուցման առավել թափանցիկ, հասանելի և արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ կողմերի տեսլականը։
Հատուկ ուշադրություն է դարձվել արդարադատության ոլորտում թվային լուծումների ընդլայնման հնարավորություններին՝ շեշտադրելով արհեստական բանականության, տեխնոլոգիական նորարարությունների կիրառման և ծառայությունների մատչելիության սկզբունքները։