«Պատիվ է ՍԴ դատավորի բարձր պաշտոնում ծառայելը»․ Արտակ Զեյնալյան
2025 թվականի հուլիսի 8-ին տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Արտակ Զեյնալյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:
Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, ինչպես նաև հույս հայտնեց, որ դատավոր Արտակ Զեյնալյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:
Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշեց, որ իր համար պատիվ է ՍԴ դատավորի բարձր պաշտոնում և մյուս դատավորների գործընկերությամբ մասնագիտական գործունեությունը շարունակել Սահմանադրական դատարանում՝ իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնելով սահմանադրական արդարադատության խնդիրների լուծմանը:
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թղթապանակը: