երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Միքայել սրբազանին դիտավորյալ են որպես վարչապետի թեկնածու առաջարկել՝ հիմնավորելու նրա մեղադրանքի տրամաբանությունը․ Փաստաբան

Միքայել սրբազանին դիտավորյալ են որպես վարչապետի թեկնածու առաջարկել՝ հիմնավորելու նրա մեղադրանքի տրամաբանությունը․ Փաստաբան

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել է, թե ինչպես է կազմվել այն հայտարարությունը, որով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել է վարչապետին անվստահություն հայտնելու և իրեն որպես վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկից։  

Հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արա Զոհրաբյանը մանրամասնել է, որ արդեն այն պահին, երբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շարժվում էր դեպի Քննչական կոմիտե, լրագրողները նրան հարցրել են այն մասին, որ իրեն որպես վարչապետի թեկնածու են ցանկանում առաջադրել, իսկ երբ արդեն Քննչական կոմիտե էին հասել, համացանցում լուրեր էին տարածվում, որ Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետի թեկնածու առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։  

«Քննչական կոմիտեում մենք կոնֆիդենցիալ զրույցի հնարավորություն ունենք մեր պաշտպանյալի հետ։ Մենք 5 պաշտպաններով Միքայել սրբազանի հետ առանձին քննարկել ենք մեր անելիքները։ Մենք այդ մասին էլ ենք խոսել, որ այսպիսի հայտարարություններ կան։ Մեր խնդիրն առաջնահերթ Միքայել սրբազանի շահերն են։ Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են Դուք ռազմական հեղաշրջման, այսինքն՝ իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել, նա ասում է, որ ինքը նման բան չի ասել, իսկ դրան զուգահեռ պրոցես է գնում, որով ասում են, որ ինքը վարչապետի թեկնածու է։ 

Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմի տեսանկյունից. կարծես, ուզում են դիտավորյալ կապակցեն, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Դրա համար հենց այդտեղ, սրբազանի ներկայությամբ այդ տեքստը կազմվեց և ես այն հրապարակեցի քննչական գործողությունների ավարտից հետո»,- ներկայացրեց Զոհրաբյանը։ 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկով հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք ավելի վաղ իմպիչմենտի գործընթաց էին նախաձեռնել ու վարչապետի պաշտոնում առաջադրել էին իր թեկնածությունը, պատրաստ են իր փոխարեն թեկնածու առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Մարուքյանն այդ առաջարկով հանդես եկավ այն օրը, երբ իրավապահները պատրաստվում էին ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Ավելի ուշ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք պատրաստ են 28 պատգամավորի ստորագրություններով միանալ իմպիչմենտի գործընթացին՝ վարչապետի պաշտոնում առաջադրելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Դրանից հետո հրապարակվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, որը հրաժարվեց այդ պրոցեսից՝ հորդորելով իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների թվում։ Միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ նախաձեռնությանը՝ բացառապես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի համաձայնության դեպքում։ 

 

  • Կիսվել: