Մեկնարկել են պարեկային ծառայողների վերապատրաստման պարտադիր դասընթացները
Հունիսի 9-ին ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել են պարեկային ծառայողների վերապատրաստման դասընթացները:
Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը և ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանը:
Վերապատրաստվող ծառայողների և դասախոսների հետ քննարկմամբ որոշվեց դասընթացների ավարտին ընդհանրացնել արդյունքները, վեր հանել խնդրահարույց հարցերը և դրանց հիման վրա լրամշակել պարեկային ծառայողների շարունակական կրթության լավարկումը:
Ներքին գործերի նախարարի կողմից հաստատված՝ վերապատրաստման ուսումնական ծրագրում ներառված թեմաները վերաբերում են պարեկային ծառայողների կողմից իրականացվող վարչարարությանը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, շահագործումն արգելելու, պահպանվող տարածք տեղափոխելու ընթացակարգերին, պարեկային ծառայողի էթիկային և բարեվարքությանը, գենդերային հարցերին, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց և հրազեն կրելու, գործադրելու իրավական հիմքերին և հմտություններին:
Վերապատրաստման պարտադիր դասընթացներն ընդգրկելու են Պարեկային ծառայության վարչակազմի, մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումները:
Դասընթացների ավարտը նախատեսվում է սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը նախատեսվում են կամընտրային դասընթացներ՝ պարեկային ծառայողների ընտրած և նախապես հայտագրված թեմաներով: