ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Կրակոցներ Արարատի մարզում․ «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել

Կրակոցներ Արարատի մարզում․ «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել

Հուլիսի 18-ին կրակոցներ և խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19։30-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 3 անգամ լսվել է ուժգին ձայն, որից հետո նկատվել է սպիտակ գույնի «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը երթևեկել է Մյասնիկյան փողոցի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղում գտնվող «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Երևանի բնակիչ, 23-ամյա Գոռ Ի․-ն, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ պահվող «ԲԼՈՎ» տիպի 9 մմ տ/չ մեկնարկային ատրճանակով 3 անգամ կրակոց է արձակել դեպի օդ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Գոռ Ի․-ն Արտաշատ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: