կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ

Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ

Հունիսի 6-ին՝ ժամը 22։30-ին, «Գինու օրեր» փառատոնի ժամանակ, Թումանյան փողոցում ՆԳՆ ոստիկանության ծառայողներին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ մոտ տասը րոպե առաջ անհայտ անձը նույն վայրում գինու բաժակը նետել է իր ուղղությամբ։ 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քաղաքացին հրաժարվել է հաղորդում տալուց։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ոչ սթափ վիճակում գտնվող անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ 

«Հարկ է նշել, որ ոստիկաններին մոտեցած քաղաքացին հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց, չի նշել իր ամբողջական տվյալները, չի ներկայացրել որևէ տեսագրություն (տեսագրությունների առկայության մասին նա հայտարարություն է տարածել միջադեպից ժամեր հետո), չի նշել միջադեպի վերաբերյալ քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ փաստ։ 

Կոչ ենք անում դադարեցնել միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը և մանիպուլացնող հայտարարություն տարածելու փոխարեն համագործակցել իրավապահների հետ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: