Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը
Հայաստանը պետք է հավակնի ռոբոտաշինության և արհեստական բանականության համադրման ոլորտում արդյունաբերական հզորություններ ունենալուն կամ այդ ուղղությամբ ներդրումների համար անհրաժեշտ միջավայր ձևավորելուն։ Դրա նախապայմանը համապատասխան գիտական և մասնագիտական ներուժի զարգացումն է։
Այս մասին Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի քննարկման ժամանակ։
Վարչապետը նշել է, որ արհեստական բանականության զարգացման հաջորդ փուլում մարդիկ դրա հետ ավելի շատ են առնչվելու ֆիզիկական միջավայրում՝ ռոբոտների և այլ սարքերի միջոցով։
«Երբ մենք հիմա ուղղակի վիրտուալ տարածքում արհեստական բանականության հետ հաղորդակցվում ենք ինչ-որ կոնկրետ նպատակով, հաջորդ սերունդը, հաջորդ զարգացումը լինելու է հետևյալը, որ մենք արհեստական բանականության հետ առնչվելու ենք արդեն իրական տիրույթում։ Հետագայում մեր դիմաց լինելու է կոնկրետ տեսք ունեցող, ձև ունեցող, մարմին ունեցող, իր գործառույթներից կախված՝ արդեն ձեռքեր, ոտքեր ունեցող ռոբոտ։ Հիմա գիտությունն աշխատում է այս տրանսֆորմացիան և այս հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս զարգացումները պետք է դիտարկել նաև Հայաստանի տնտեսության արդյունաբերացման նպատակների համատեքստում։
«Կարծում եմ՝ մենք առնվազն պիտի փորձենք հավակնել, որ այս ոլորտի արդյունաբերական հզորություններ ունենանք Հայաստանի Հանրապետությունում կամ նման հզորություններ և նման ներդրումներ ունենալու համար պատշաճ միջավայր կարողանանք ձևավորել։ Այստեղ, իհարկե, առաջին հերթին խոսքը մասնագիտական կարողությունների զարգացման մասին է։ Այս նախագիծը, որը մենք ընդունում ենք, նպատակադրված է հենց այս ուղղությամբ գիտական, մասնագիտական ներուժի ձևավորմանը»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ կրթական հաստատություններում կադրային ներուժի ձևավորմանը զուգահեռ նախատեսվում է զարգացնել լաբորատորիաներ, որտեղ կուսումնասիրվեն արհեստական բանականության և ֆիզիկական առարկաների ինտեգրման հնարավորությունները։
Վարչապետի խոսքով՝ հեռահար նպատակն այդ ոլորտի ներդրումների համար Հայաստանը գրավիչ դարձնելն է։ Նրա գնահատմամբ՝ առաջիկայում արդյունաբերական ներդրումների զգալի մասը կապված է լինելու հենց այս ուղղության հետ։
«Սփյուռքում մենք բավականին ծանրակշիռ ներուժ ունենք այս ոլորտում ներգրավված, ովքեր նաև պատրաստ են և ուզում են, որ Հայաստանում այս ոլորտը և ուղղությունը զարգանա։ Հիմա մենք կայացնում ենք այս որոշումը, որպեսզի արդեն կրթական մակարդակից կարողանանք հնարավորություններ բացել նման զարգացումների համար»,- ասել է Փաշինյանը։



