ԹՐԻՓՓ-ով ՀՀ-ի հյուսիսը կկապվի հարավի հետ, նաև արտաքին առևտուր կիրականացվի Ադրբեջանի տարածքով. Միրզոյան
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև ապաշրջափակման թեմային՝ նշելով, որ դա չեն կարող շրջանցել։
Նախարարը նշեց, որ սա մի մեծ գործընթաց է, և հիշեցրեց՝ անկախությունից ի վեր Հայաստանը չի ունեցել չորս ուղղություններով տնտեսական հարաբերություններ կառուցելու և տեղաշարժվելու հնարավորություն, եղել է շրջափակման ներքո, իսկ հիմա տարածաշրջանում տնտեսական, տրանզիտային, տրանսպորտային ենթակառուցվածքներն ինտենսիվորեն ապաշրջափակվում են։
«Ադրբեջանի տարածքով ենք կարողանում բեռներ տեղափոխել, և այդ մեծ ապաշրջափակման ծրագիրը մեծ հաշվով համընկնում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» տեսլականի և ծրագրի հետ, իսկ ԹՐԻՓՓ նախագիծը սրա շատ էական բաղկացուցիչ մասն է»,- ասաց նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ այժմ արդեն պետք է ստորագրենք «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» բաժնետերերի միջև համաձայնագիրը և կանոնադրությունը, որով, ըստ էության, ԹՐԻՓՓ-ի փաստաթղթային գործընթացը կհամարենք ավարտված և կկարողանանք անցնել գետնի վրա աշխատանքին։
«Մենք շահագրգռված ենք օր առաջ տեսնել գետնի վրա աշխատանքների մեկնարկը և դրանից հետո՝ օր առաջ, ամբողջ ԹՐԻՓՓ նախագծերի իրականացումը և օգտագործումը։ Հիշում եք, որ ԹՐԻՓՓ նախագծեր ասելով՝ նկատի ունենք տարբեր ենթակառուցվածքներ, առաջին հերթին՝ երկաթուղի, էլեկտրահաղորդակցության գծեր, օպտիկական մալուխներ։ Ապագայում ցանկություն կա կողմերի միջև ունենալ գազամուղ, նավթամուղ և այլն»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նախարարը, չխորանալով թվերի մեջ, նշեց՝ ապաշրջափակումը, ենթակառուցվածքների օգտագործումը մեծ տնտեսական հնարավորություններ են բացում Հայաստանի համար, բայց նաև առկա է քաղաքական շերտ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ մեր անմիջական հարևանները, և՛ Արևմուտքում ու Արևելքում գտնվող շատ երկրներ էապես ավելի շատ են շահագրգռված լինելու մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանմամբ, տնտեսական զարգացմամբ։
«Սա, բացի տնտեսական ծրագիր լինելուց, ամրապնդում ու անդառնալի է դարձնում խաղաղությունը»,- ընդգծեց ԱԳՄԱ նախարարը։



