Խոշտանգումներից զերծ հասարակությունը քաղաքակրթական ընտրություն է. ՄԻՊ-ը նախաձեռնել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում՝ պետական իրավասու մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը, խոշտանգումների զոհերի աջակցության առկա մեխանիզմներին, նման գործերով արդյունավետ քննության ապահովմանը, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
Բացման խոսքով հանդես եկած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, համատեղ վերլուծելու դրանք և ձևավորելու արդյունավետ լուծումներ։ Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների ակտիվ ու հետևողական համագործակցությունը։
«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրակարգային հարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին՝ մենք շարունակում ենք ստանալ բռնության և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների վերաբերյալ ահազանգեր։ Խոշտանգումների կանխարգելումը, գործերի արդյունավետ քննությունը և զոհերին տրամադրվող աջակցությունը պետք է լինեն ամենօրյա համակարգված աշխատանքի արդյունք։ Խոշտանգումներից զերծ հասարակություն ունենալը ոչ միայն իրավական պահանջ է, այլև քաղաքակրթական ընտրություն»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը շեշտել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնային ուղղություններից է։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեագրվեն, իսկ խոշտանգումների վերաբերյալ գործերով իրականացվի անհապաղ, անկախ, անաչառ և արդյունավետ քննություն՝ հաշվի առնելով նման գործերի առանձնահատկությունները։
Պաշտպանը կարևորել է նաև խոշտանգումների զոհերի աջակցության արդյունավետ կառուցակարգերի ներդրումը՝ փոխհատուցման, վերականգնման և հասարակություն ինտեգրվելու իրավունքի ապահովման նպատակով։
Անդրադառնալով կանխարգելման գործիքակազմին՝ Պաշտպանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում տեսահսկման համակարգերի կատարելագործումը, ազատությունից զրկված անձանց համար հաղորդումների ներկայացման անվտանգ մեխանիզմների ապահովումը, ինչպես նաև համապատասխան ծառայողների շարունակական վերապատրաստումները կարող են էական դեր ունենալ խոշտանգումների կանխարգելման արդյունավետության բարձրացման գործում։
Անահիտ Մանասյանը նաև կարևորել է միջգերատեսչական և բազմակողմ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համատեղ ու համակարգված աշխատանքի արդյունքում։ Այս համատեքստում Պաշտպանն առանձնակի ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի գործունեության նշանակությունը։
Քննարկման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին և առցանց՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, Կանխարգելման ազգային մեխանիզմների փոխնախագահ Էլինա Շտեյներտեն։
Քննարկման շրջանակում անցկացվել են երկու թեմատիկ պանելային քննարկումներ։
Առաջին պանելային քննարկումը նվիրված է եղել խոշտանգումների զոհերի աջակցության առկա մեխանիզմներին։ Դրան մասնակցել են Էլինա Շտեյներտենը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Քննարկումը վարել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը։
Երկրորդ պանելային քննարկումը նվիրված է եղել խոշտանգումների վերաբերյալ գործերի արդյունավետ քննությանը։ Դրան մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ներկայացուցիչ Սուրեն Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Նարեկ Մովսիսյանը և ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանը։ Քննարկումը վարել է Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, որը ներկայացրել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունն ու տվյալների հավաքագրման մեխանիզմները։
Քննարկումներն անցկացվել են բաց երկխոսության և հարցուպատասխանի ձևաչափով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ներկայացնելու ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։
Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։



