Կադրերի սղություն միշտ էլ կա, բայց արդարադատության նախարարի թեկնածուներ կան, շուտով կընտրենք. Պապոյան
Շուտով արդարադատության նախարար կընտրենք: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչեւ այս պահը չեն ընտրել արդարադատության նախարար, արդյոք պատճառը կադրերի սովն է:
«Թեկնածուները շատ են եւ նրանց մի մասը, որոնց մեջ, ես կարծում եմ՝ շատ արժանավոր թեկնածուներ կային, որ կարող էին շատ լավ ղեկավարել արդարադատության նախարարությունը, տարբեր պատճառներով, այդ թվում այսօր իրենց ունեցած աշխատանքով, պատասխանատվությամբ պայմանավորված, ցավոք սրտի հրաժարվեցին դառնալ նախարար:
Կադրերի սղության խնդիր միշտ կա, բայց նաեւ կան բազմաթիվ գործընկերներ մեր թիմից, որոնք շատ լավ կարող էին լինել նախարար, բայց իրենց այսօրվա աշխատանքը համարեցին, որ ավելի լավ է դա տանեն մինչեւ 2026 թվականը: Բայց մենք կունենանք թեկնածու քաղաքական թիմից, միգուցե ոչ կուսակցության անդամ: Թիմը մի քիչ ավելի լայն է»,-ասաց Պապոյանը:
Նա հավաստիացրեց, որ այս պահին հորիզոնում կան անուններ եւ շուտով նախարարի նշանակումը կլինի:
Հարցին՝ ինչու են մարդիկ խուսափում նախարար դառնալուց, նախարարը պատասխանեց. «Կառավարությունում աշխատանքը, բնականաբար, դժվար է: Ես լինելովԱԺ պատգամավոր, այժմ գործադիրի անդամ, կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում էլ այդպես է, գործադիրում աշխատանքը իր ծանրաբեռնվածությամբ եւ պատասխանատվությամբ ավելի դժվար է: Բայց միաժամանակ գործադիրում աշխատանքն ավելի հետաքրքիր է»:
Ինչ վերաբերում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի նշանակմանը, Պապոյանն ասաց, որ անուններ չի տա: