Ջալալ Հարությունյանի փաստաբանները ծավալուն բողոք են ներկայացրել դատարանի կայացրած վճռի դեմ
44–օրյա պատերազմի ընթացքում Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը թույլ է տվել պաշտպանական սխալներ, մի քանի անգամ դիրք են լքել, առանց համաձայնեցնելու որևէ վերադաս օղակի հետ` նահանջել են։ Այդ մասին իմացել է Արցախի ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը, որը մի քանի անգամ պահանջել է առաջ գնալ, քանի որ նահանջած կետը հարմար չէ համազորային ստորաբաժանումներին կրակով աջակցելու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը` ընդգծելով, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել և գործի բազմաթիվ հանգամանքներ պատշաճ չեն դիտարկվել մեղադրական որոշում կայացնելուց առաջ։
«Թողնե’լ, մերոնք են»,- Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին արձակած այս հրամանը ճակատագրական եղավ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի համար։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի վրա ադրբեջանցիների հարձակման հետևանքով զոհվեց 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։ Դիրքերում մնացել է 8 հատ Դ-20 հրանոթ, 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ հրանոթի արկեր, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և այլն։
«Ես և իմ գործընկերները 1 տարի տևած դատաքննության ընթացքում ուսումնասիրած ապացույցներին անդրադառնալու, դրանք վերլուծելու, վկայակոչելու խնդիր ունեինք, որն օբյեկտիվորեն ժամանակ էր պահանջում։ Մենք այսօր բավականին ծավալուն բողոքներ ունենք, որոնք 3 փաստաբաններով առանձին ներկայացրել ենք դատարան, և ամեն մի բողոքը կոնկրետ խնդրի է վերաբերում, միջինը` 30 էջից ավելի»,–ասաց Սարդարյանը։
Նա նշեց, որ ըստ փաստերի` Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարության մոտ ի սկզբանե եղել է փախուստային տրամադրություն, որը դժվարությամբ է կառավարել հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը։
«Հավանական է, որ Գենադի Բաղդասարյանին տարբեր սպաներ, այդ թվում Ջալալ Հարությունյանը ասել են, որ «կարող է մերոնք լինեն», «պետք է որ մերոնք լինեն», և նա դա հիմք ընդունելով փոխանցել է` «մերոնք են, որ Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը փախուստի չդիմի»,–ասաց Սարդարյանը։
Հարությունյանի մյուս փաստաբան Անդրանիկ Մնացականյանն էլ իր հերթին նշեց, որ դատարանն այս գործով բազմաթիվ խախտումներ է թույլ տվել , որոնք էական նշանակություն ունեն գործի համար։
Նրա խոսքով` դատարանը անտեսել է գործով հատուկ նշանակված ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, որ եթե դիվիզիոնի ղեկավարությունը ճիշտ կատարած լիներ իր գործողությունները, այդ խմբավորումն ավելի վաղ կհայտնաբերվեր և չէին լինի մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստները։
«Դատարանը նվազեցրել է ռազմագիտական փորձաքննության եզրակացության արժեքը` հայտարարելով, թե այդ իրադրությունում հնարավոր չէր խրամատ փորել, դիտորդներ նշանակել և այլն, քանի որ անձնակազմը հոգնած էր և չէր կարող դա անել , տեխնիկայի հնարավորություն չկար։ Մինչդեռ գործի փաստական տվյալներն այլ բանի մասին են խոսում»,–ասաց նա։
Հիշեցնենք` դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։