հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Ջալալ Հարությունյանի պաշտպանը պահանջեց բեկանել գործով վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ

Ջալալ Հարությունյանի պաշտպանը պահանջեց բեկանել գործով վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 11–ին, շարունակվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ բողոքների ըստ էության քննությունը։

Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանն այսօրվա նիստում պահանջեց բեկանել դատական ակտը և կայացնել արդարացման դատական ակտ։ Նա դատավորին փաստացի մեղադրեց դատավարական նորմեր խախտելու և ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ։ 

Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։

Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա, ու տուժող ծնողները ահազանգում են, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։

Նշենք, որ դատավճռի դեմ բողոք է ներկայացրել նաեւ տուժող կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։

 

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

 

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

  • Կիսվել: