ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ջալալ Հարությունյանի համար շտապ օգնություն կանչեցին

Ջալալ Հարությունյանի համար շտապ օգնություն կանչեցին

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր՝ հունիսի 11–ի առավոտից ընթանում է 44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով դատական նիստը։ 

Այսօր դատարանը լսել է 5.5 տարի ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ու նրա պաշտպանին։

Երբեմն դատավորը ստիպված էր ընդհատել նրանց՝ հիշեցնելով, որ գործը ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում է, այլ վերաքննիչ, ասելիքը պետք է վերաբերի բողոքներին, ոչ թե գործում բերված ապացույցներին։

Ջալալ Հարությունյանի հետ դատարան եկած նրա հարազատներից մեկն ասաց՝ Հարությունյանը դժվարանում է պատասխանել հարցերին, 39 աստիճան ջերմություն ունի։

«Սպասեք, ժողովուրդ։ 17-18 տարեկան մի ա՞նձ է մեր դիմաց նստած, որ մենք հարց ենք տալիս, բարձր ջերմություն ունի, չի պատասխանում, դուք էլ հետևից օգնում եք։ Պաշտպանության բանակի հրամանատար է, պաշտպանական բանակ է իրեն վստահված եղել։ Ջերմություն ունե՞ք այս պահին»,- ասա դատավոր Մխիթար Պապոյանը՝ դիմելով Ջալալա Հարությունյանին։

«Հնարավոր է»,-ասաց Հարությունյանը։

Շտապ օգնության ծառայություն կանչեցին, որպեսզի Հարությունյանի ջերմությունը չափեն։

Քիչ անց դատական նիստը 20 րոպեով  ընդմիջվեց ապա շարունակվեց Հարությունյանի մասնակցությամբ։

Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։

Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա, ու տուժող ծնողները ահազանգում են, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։

Նշենք, որ դատավճռի դեմ բողոք է ներկայացրել նաեւ տուժող կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։

 

Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։

  • Կիսվել: