չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ՀՌՀ նախագահը՝ հանձնաժողովի դեմ ներկայացված դատական հայցերի մասին

ՀՌՀ նախագահը՝ հանձնաժողովի դեմ ներկայացված դատական հայցերի մասին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դեմ դատական գործերի քանակը պակասել է, քանի որ այն դատական հայցերը, որոնք հանձնաժողովի համար սկզբունքային էին, հանձնաժողովը հաղթեց: Դա արդյունք էր նաև այն բանի, որ դատական հայցերը՝ մեր դեմ ներկայացվող, կոփեցին մեր իրավական ծառայությունը: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի դեմ դատական հայցերին:

Տիգրան Հակոբյանը խոստովանեց՝ սկզբնական շրջանակում հանձնաժողովն իսկապես պատրաստ չէր դատական հայցերի այդպիսի մեծ քանակի:

«Եթե 2011 թվականից, երբ լիցենզավորման առաջին մրցույթները եղան թվային մուլտիպլեքսի համար, հանձնաժողովի դեմ ներկայացվել է ընդամենը 3 դատական հայց, ապա 2018-ից մինչև հիմա՝ վերջին 7 տարվա ընթացքում՝ 74 դատական հայց: Երկու սկզբունքային դատական հայց է մնացել»,- ասաց նա:

Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի՝ դատական հայցերը վերջին 2 տարիների ընթացքում պակասել են, քանի որ հեռարձակողների վստահությունն է մեծացել հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ, և բողոքարկելու որևէ առիթ չեն տեսնում:

  • Կիսվել: