ՀՀ–ում քրեական վերաքննիչ բողոքները կքննվեն միայն գրավոր ընթացակարգով. նախարար
Առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով, այսինքն՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով միայն որոշակի բացառիկ դեպքեր դրանից շեղվելու համար: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Քրեական դատավարության գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ կան վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով, և նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ:
Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով, կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու, ապացույցներ հետազոտելու՝ կողմի միջնորդությունը»,- ասաց նախարարը և հավելեց, որ դատարանը չի կարող կամայականորեն կիրառել այս կանոնը, ուստի ցանկացած դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որորշումը, այն է՝ պատճառաբանի, թե ինչու է շեղվել այդ կանոնից:
«Սա հանգեցնելու է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և բողոքների՝ ավելի արդյունավետ քննությանը, հետևաբար, որպես հաջորդ քայլ, նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, այսինքն՝ սահմանվում է բողոքների քննության 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է հետաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով»,- պարզաբանեց նախարարը:
Ըստ Գալյանի՝ այս կարգավորումը կնպաստի արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանում՝ բացառելով բանավոր քննության ժամանակ դատավարական չարաշահումներ և գործերի անհարկի ձգձգումներ:
Իսկ եթե նախատեսված սահմանված ժամկետը սպառվի, իսկ դատավարությունն ավարտված չլինի, ապա դա կարող է առաջացնել դատավորին կարգապահամական պատասխանատվության ենթարկելու հարց: