երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. Բագրատյանը՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահի մասին

Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. Բագրատյանը՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ գերատեսչության նախագահ Արթուր Նահապետյանին հիշեցրեց 2000-ական թվականներին մի հայտնի պաշտոնյային՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ, Ազգային անվտանգության 4-րդ վարչության նախկին պետ Արմեն Ավետիսյանին առնչվող ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մասին, որը նաև «Գոլդեն փելեսի» սեփականատերն էր:

«Այդ պաշտոնյան 100-ավոր գործարարների շորթումով, կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով հարստահարեց, և ՀՀ-ն լքեցին 1000-ավոր ընտանիքներ: Հիմա մենք պետք է բավարարվենք, որ մի շենք ուներ, շենքը հանձնեց և վե՞րջ (Ծաղկաձորի «Գոլդեն փելեսի» մասին է խոսքը - խմբ.): Չէ՞ որ, մենք պետք է քննենք նրա կոռուպցիոն հանցագործությունների հետևանքները, որով հարյուրմիլիոնավոր դոլարի վնաս է հասցվել մեր պետությանը: Արդյոք այս գործը քննվո՞ւմ է: Եթե չի քննվում, ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին:

Եթե քննեք նրա գործերը, 100-ավոր մարդիկ հետ կվերադառնան՝ ցուցմունք տալու, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներով Մաքսային կոմիտեում, նաև 4-րդ վարչությունում ինչպիսի դժբախտություններ է բերել մարդկանց, և 1000-ավոր ընտանիքներ լքել են ՀՀ-ն:

Խնդրում եմ ասեք՝ կա՞ հարուցված գործ տվյալ անձի նկատմամբ, և եթե չկա, ընդունենք հաղորդում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ երկրորդ անգամ է հաղորդում ներկայացնում այս թեմայով, բայց չի տեսնում հետևանքները:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը տեղեկացրեց, որ հաղորդում ներկայացնելու համար Քրեական դատավարության օրենսգրքում կա համապատասխան ընթացակարգ, և որ այդ հաղորդումը պետք է ձևակերպել նշված ընթացակարգով ու ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի այն դիտվի պատշաճ հաղորդում հանցագործության մասին, իսկ համապատասխան հիմքեր լինելու դեպքում կնախաձեռնվի վարույթ և կիրականացվի նախաքննություն:

Ինչ վերաբերում է պաշտոնյային առնչվող գործին, Նահապետյանը տեղեկացրեց, որ այն քննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում. «Գործի ընթացքի մասին այս պահին տեղեկություն չունեմ»:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ այս գործը դասական իմաստով Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում է, և խնդրեց գրանցել վերոնշյալ անուն-ազգանունը՝ միաժամանակ ընդգծելով, որ գործի շատ դրվագներ դեռևս բացահայտված չեն, և եթե հնչեղություն տրվի, 100-ավոր բիզնեսմեններ հետ կգան ՀՀ և ցուցմունք կտան գործով:

«Ես հավատացած եմ, որ այս գործով տասնյակհազարավոր գործեր կհարուցվեն»,- ասաց Բագրատյանը:

  • Կիսվել: