երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ձեռք են բերվել ցուցակներ, որոնցում կան անձանց վերաբերյալ տվյալներ. Վարդապետյանը՝ «հարվածային խմբերի» մասին

Ձեռք են բերվել ցուցակներ, որոնցում կան անձանց վերաբերյալ տվյալներ. Վարդապետյանը՝ «հարվածային խմբերի» մասին

Խուզարկությունների ժամանակ ձեռք են բերվել որոշակի ցուցակներ, որոնցում կան անձանց վերաբերյալ տվյալներ: Միայն այդ տվյալները չեն, իհարկե: Այդ պահին քննչական գործողությունները միտված են ստուգելու անձանց, որոնք ներգրավված են, և առաջին հերթին պարզելու, թե այդ անձանց ինչպես են ներկայացվել գործողությունները, որոնք պետք է իրականացնեն, որպեսզի հասկանալի լինի, թե այդ անձինք ինչին էին ցանկություն հայտնել մասնակցելու: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, թե ի՞նչ տվյալներ կան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կողմից «հարվածային խմբեր» ձևավորելու մասով, և թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվում «հարվածային խմբերում» ներառված անձանց բացահայտելու համար:

Անդրադառնալով «հարվածային խմբեր» ձևակերպմանը, որը ներառված է նաև միջնորդագրում, ՀՀ գլխավոր դատախազը նախ ասաց. «...Խնդիրը այն անձինք են, որոնք ուժային միջոցներով պիտի կարողանային ապահովել, որպեսզի մուտք լիներ ԱԺ, կամ փողոց փակելը լիներ՝ զուգորդված բոլոր բռնի գործողություններով:

«Հարվածային խմբի» ղեկավարման մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանն է պատմում ու բացատրում, թե ոնց պետք է շարքից հանել մեքենաները, Արթուր Սարգսյանն է բացատրում, թե ինչ պլանավորմամբ և ինչ ձևաչափով պետք է անել, որ «Ֆորդ» մեքենան, որից ենթադրաբար պետք է սրածայր աստղիկները թափվեին, չֆիքսվի: Այնտեղ քննարկում կա, թե սամակատներն ինչպես օգտագործեն, ոնց անեն, որ չֆիքսվեն: Այսինքն՝ «հարվածային խումբ» ասելով՝ [նկատի ունեն] բոլոր այս գործողությունները, որոնք միտված են ուժի միջոցով հաջողություն ապահովելուն»,- ասաց նա:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ խոսքը մոտ 2000 անձի մասին է, ապա նշեց, որ հասկանալի պատճառով չի հրապարակի անուններ, իսկ հետագայում արդեն, ըստ մեղադրանքների, պարզ կլինի, թե այս 2000 անձից ովքեր են գիտակցել, որ մասնակցելու են բռնությամբ զուգորդված գործողություններին, ոչ թե խաղաղ անհնազանդության ակցիաներին:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ներկայացրել էր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

  • Կիսվել: