Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Այս մասին հայտնել է Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Դատավորին կալանավորելու միջնորդությունը քննել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը:
Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու:
Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է ԲԴԽ-ին:
ԲԴԽ -ն երկու միջնորդություններն էլ բավարարել է, որից հետո Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը, փաստորեն, բավարարվել է: ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: