Դատական գործընթացն ավարտվելու է արդարության հաղթանակով. Արամ Ազատյանի փաստաբան (տեսանյութ)
Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի գործով նախօրեին կայացած նիստը սպասվածից կարճ տևեց։ Բանն այն է, որ մեղադրյալներից մեկի պաշտպանական թիմի բացակայության պատճառով գործով առանցքային վկաների հարցաքննությունը հետաձգվեց մինչ հաջորդ նիստ։
Այս հանգամանքը առաջացրեց Ազատյանի պաշտպանական թիմի դժգոհությունը, քանզի մեկ նիստ հետո պետք է քննվի նրա խափանման միջոցի վերանայման հայցը:
Ազատյանի պաշտպան Արման Բայադյանը InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում այս առնչությամբ վստահություն հայտնեց, որ մեկ նիստի ընթացքում էլ հնարավոր կլինի լսել բավականաչափ վկաների, ինչը, ըստ նրա, դրական ազդեցություն կունենա իր պաշտպանյալի խափանման միջոցի վերանայման որոշման վրա։
Խոսելով Ազատյանի պաշտպանական թիմի Եվրոպական դատարան հայցի մասին՝ Բայադյանը նշեց, որ իր գործընկերներն արդեն դիմել են, գործին տրվել է հերթական համար և հույս ունեն, որ բարձր դատարանը կարձանագրի սույն գործով նախաքննական և դատական փուլում տեղ գտած խախտումները, մասնավորապես, խափանման միջոցի (կալանքի) ընտրման և երկարաձգման հետ կապված։
Փաստաբանը նաև ընդգծեց, որ սույն գործով մեղադրանքներն ի սկզբանե աբսուրդային են՝ սկսած բոլոր դրվագներով իրավական որակումներից, վերջացած «ապացուցողական բազայով»։
«Մի օրինակ բերեմ՝ սույն գործով կաշառք ստացող անձ է դիտարկվում քանդակագործը, ով կաշառք ստացող չի կարող հանդիսանալ, քանզի պաշտոնատար անձ չէ։ Եվ նմանատիպ աբսուրդային դրվագներ այս գործում բազմաթիվ են»,- նկատեց փաստաբանը։
Միևնույն ժամանակ Բայադյանը համոզմունք հայտնեց, որ դատական գործընթացն ավարտվելու է արդարության հաղթանակով և ողջամիտ իրավաբանությունը վերականգնվելու է։