Բացահայտվել է բնակարանային գողության դեպք (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Ծաղկունք գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի՝ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող բնակարան և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ և աշխատանքային այլ գործիքներ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։



