Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին
Ազգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
Նախքան քվեարկությունը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանն Ազգային ժողովում չէ, Քննչական կոմիտեի դիմաց է և «պատրաստվում է հանձնվել»:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կալանավորման հիմքերը նեկայացնելիս նշել էր, որ պատգամավորին մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարման եղանակները, դրանցում ներգրավված անձանց քանակը և նրանց հետ Արթուր Սարգսյանի ունեցած կապերը հիմնավոր կասկած են հարուցում, որ նա կարող է ոչ միայն ապօրինի ազդեցություն ունենալ վարույթով ներգրավված անձանց, գործով դեռևս չհարցաքննված անձանց վրա, այլև թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը:
Ըստ Վարդապետյանի՝ ազատության մեջ մնալով՝ Արթուր Սարգսյանը նաև կարող է ձեռնամուխ լինել արդեն իսկ նախապատրաստված հանցանքների իրագործմանը, ինչպես նաև դիմել փախուստի:
Պատգամավորին առնչվող երկու միջնորդագրերը վերաբերում են ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։