Արսեն Գևորգյանը դարձավ արյունարբու գազանի վերածված համակարգի զոհը․ Մելոյանը՝ բռնաճնշումների մասին
Այսօր մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը մարդու իրավունքների սահմանափակումներն ու խախտումներն են։ Հատկապես՝ քաղաքական իրավունքների խախտումները։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական սկզբունքներից նահանջը, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է սահմանադրական իրավունքի մասնագետ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը, որը ժամանակին իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, այսօր վերածվել է մի ուժի, որը մարդուն հետապնդում է նրա քաղաքական համոզմունքների և իրավունքների համար։
«Կալանքը, որը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում, վերածվել է մարդկանց պատժելու միջոցի»,– ասաց Մելոյանը։
Միաժամանակ նա նշեց, որ գործող իշխանությունները չեն սահմանափակվում միայն մարդու իրավունքների ոտնահարմամբ։ Դրան, Մելոյանի խոսքով, ուղեկցում է մարդու անունն ու բարի համբավն արատավորելու և նրան նպատակաուղղված հետապնդելու գործելակերպը։
«Մոնտաժված տեսագրությունները դառնում են մանիպուլյացիայի գործիք, որն իրավապահ մարմիններն օգտագործում են գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա ազդելու համար։ Հարվածի տակ են հայտնվում ոչ միայն մարդու պատիվն ու արժանապատվությունը, ոչ միայն անմեղության կանխավարկածը, այլև մարդու ճակատագիրը։ Այս ամենն անջնջելի սպիներ է թողնում։ Արյունարբու գազանի վերածված այս համակարգի զոհը դարձավ մեր ընկեր Արսեն Գևորգյանը։ Նա մահացավ՝ գտնվելով պետության խնամքի ներքո և մի վայրում, որտեղ չպետք է հայտնվեր»,– նշեց ընդդիմադիրը։
Նա, մասնավորապես, առաջարկեց խորհրդարանական վերահսկողություն իրականացնել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության նկատմամբ, ինչպես նաև վերահսկել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց պահումն ու նրանց պահման պայմանները։



