Զոհրաբ Մնացականյանն ու Ֆրենկ Փըլոունին հանդիպել են
Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին, տեղեկացնում է ԱԳՆ լրատվության բաժինը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Փալոունին՝ հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ծավալած գործունեության համար:
Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության եւ քաղաքական օրակարգի առավել ընդլայնումն ու խորացումը եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակա առաջնահերթությունների շարքում:
Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսականի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը եւ վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Զ. Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարեւորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումը՝ ուժի սպառնալիքների եւ ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով: