ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Ժամանակ». ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցում ԲՀԿ-ն կթողնվի ազատ քվեարկության 

«Ժամանակ». ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցում ԲՀԿ-ն կթողնվի ազատ քվեարկության 

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս չունի որոշում, թե ինչպես է քվեարկելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ ԱԺ դիմումի հարցով, որի նախաձեռնությունն «Իմ քայլը» դաշինքինն է: Ինչպես հայտնի է, դիմումը պետք է ներկայացվի ՍԴ քննության: Բայց դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների երկու երրորդը: «Իմ քայլը» դա ապահովում է «Լուսավոր Հայաստանի» հետ միասին, իսկ ԼՀԿ-ն հայտնել է, որ կողմ է քվեարկելու:

Սակայն ի վերջո պետք չէ մի կողմից բացառել որեւէ «մաթեմատիկական էքսցես», մյուս կողմից՝ խորհրդարանի մեծամասնությունը ակնհայտորեն ցանկանում է, որպեսզի դիմումը, այսպես ասած, վայելի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի հավանությունը:

Մամուլը տեղեկություն է հրապարակել, որ մի քանի անգամ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսնակը դա չի հերքել, սակայն չի մանրամասնել, թե քննարկումները ինչին են վերաբերել: Ըստ մամուլի տեղեկության, վերաբերել են նաեւ ՍԴ հարցին եւ հնարավոր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկի ազատ:

Ֆորմալ իմաստով չի դիրքորոշվի կողմ, սակայն ազատ քվեարկելով՝ կապահովի որոշակի կողմ ձայներ: Որովհետեւ, օրինակ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կողմ քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը, որը մշտապես կոշտ քննադատում է դատաիրավական ոլորտի նկատմամբ իշխանության քաղաքական դիրքորոշումը:

Այդպիսով, ազատ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության համար կլինի «ոսկե միջինը»: Հետաքրքիրն այստեղ այն է, թե այդ փաստացի հավանությունը ստանալու հարցում ինչ պայմանավորվածություն կարող է լինել կառավարող ուժի եւ Ծառուկյանի միջեւ: ԲՀԿ նախագահին այս դեպքում հետաքրքիր են այսպես ասած՝ իր տնտեսական գործունեությա՞ն դաշտում գտնվող պայմանավորվածություններ, թե՞ քաղաքական» :

  • Կիսվել: