«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է խաղաղության խաչմերուկ. Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` պատասխանեց համայնքի ներկայացիչներից մեկի հարցին` արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը չէ՞, որի համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։
«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Օրինակ` մենք ուզում ենք Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորել, Թուրքիան էլ տնտեսական ակտիվ կապեր ունի, ու դրանք զարգանում են, այդ թվում` Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ, և արդյունքում ավելի շատ հաղորդակցման ճանապարհներ ունենալ։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով ուրիշներին էլ հնարավորություն տանք ապրելու։
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ Դա նշանակում է փոխադարձ հարգանքի, իրավազորության, ինքնիշխանության ճանաչման հիման վրա բեռնափոխադրումներ»,– հայտարարեց նա։
Վարչապետը հիշեց ջրի գլխին վիշապի մասին հայտնի անեկդոտը` նշելով` վիշապն էլ է ջուր ուզում խմի, թող խմի, ի՞նչ խնդիր կա։
«Սա նույնն է, թե մեր հայության մտավախությունն այն է, թե վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ի՞նչ են նրանք ուզում, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ–գալ…է, թող գնան–գան, վա՞տ է դա։ Մենք ենք դա առաջարկում մեր «Խաղաղության խաչմերուկով», ասում ենք` գնացեք։ 21–րդ դարում դուք պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որի սահմանները փակ են»,– ընդգծեց Փաշինյանը։