Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի մեղադրանքները ՀԱՊԿ-ի հասցեին՝ հիշեցնելով նրա «պարը Ղարաբաղում»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ տարակուսանք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, թե իբր ՀԱՊԿ գործընկերները 2022թ․ սեպտեմբերին չեն կատարել իրենց պարտավորությունները Երեւանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գործընկեր երկրները հրաժարվում են երաշխավորել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարների զենք եւ ռազմական տեխնիկա, որոնց համար, ըստ նրա, հայկական կողմն արդեն վճարել էր։ ՀՀ վարչապետի խոսքով՝ նման գործողությունները «գոյության սպառնալիք» էին ներկայացնում երկրի համար եւ վկայում էին հայկական պետականությունը ոչնչացնելու եւ նրա ինքնիշխանությունը չեղյալ համարելու ենթադրյալ որոշման մասին։
Մեկնաբանելով այս դիտարկումները՝ Զախարովան նշել է, որ չի հասկանում, թե ինչ որոշման կամ ում գործողությունների մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները, կարծես, պնդումների «անկապ ամբողջություն» են եւ պահանջում են պարզաբանում։
«Նա ՀԱՊԿ-ի՞ն է մեղադրում հայկական պետականության ոչնչացման մեջ։ Ինձ համար տարօրինակ է լսել այս ամենը։ Հնարավոր է՝ մեջբերումը սխալ էր, եկեք պարզաբանենք»,-ասել է Զախարովան։
Նա նաեւ ընդգծել է, որ համատեքստից դատելով՝ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ չի հիշում կամ տեղյակ չէ որեւէ իրավական որոշման մասին, որը ճանաչել է այս տարածքը որպես Հայաստանի Հանրապետության մաս։
«Հիշում եմ, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը գնում այնտեղ եւ պարում, դա է, ինչ ես հիշում եմ։ Բայց ես ոչինչ չգիտեմ այս տարածքի՝ Հայաստանի կազմում իրավական ճանաչման կամ ներառման մասին»,-ասել է նա։
Այս առնչությամբ Զախարովան նաեւ ընդգծել է, որ մեղադրանքների համատեքստի եւ առարկայի հստակ ըմբռնման բացակայության դեպքում անհնար է իմաստալից մեկնաբանություն տալ։
«Ես չեմ հասկանում, թե ՀԱՊԿ-ի կողմից հայկական պետականության դեմ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։ Գուցե նրանք այլ բան նկատի ունեն»,-ասել է նա և հավելել, որ ձեւակերպումները եւ փաստերը պարզաբանելուց հետո ռուսական կողմը պատրաստ կլինի բացատրություններ եւ մեկնաբանություններ տալ։


