ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը

12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը՝ ստանձնելով անձնական պարտավորություն․ եթե ընտրվելուց հետո չապահովի խոստումների կատարման սահմանված արդյունքը, չի առաջադրվի երկրորդ ժամկետի համար։ Նրա աշխատանքը գնահատելու են ԱՀԿ Գործադիր խորհրդի նշանակած անկախ փորձագետները։

«Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի» խորագրով ծրագիրը ներառում է 12 չափելի պարտավորություն՝ ուղղված ԱՀԿ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, առողջապահության հասանելիության ընդլայնմանը և ղեկավարության հաշվետվողականությանը։

«ԱՀԿ-ն պետք է գնահատվի նրանով, թե իրականում ինչ է անում մարդկանց համար, և ես պատրաստ եմ նույն չափանիշով գնահատվելու։ Ես չեմ փոխի գնահատման կանոնները՝ ձախողումը որպես հաջողություն ներկայացնելու նպատակով», — նշում է Թամամյանը։

 

Ծրագրով առաջարկվում է ԱՀԿ-ում թափուր հաստիքները համալրել առավելագույնը 60 օրում, հրապարակայնորեն վերահսկել ղեկավարության պարտավորությունների կատարումը, զարգացնել դեղերի տեղական արտադրությունը և ապահովել կազմակերպության ներկայությունը յուրաքանչյուր երկրում, որը նման աջակցություն է խնդրում։

Առաջնահերթություններից է մանկական քաղցկեղի բուժումը։ Թամամյանը նախատեսում է նշանակել ոլորտի հատուկ ներկայացուցիչ և բարելավել երեխաների բուժման արդյունքները՝ վերջիններս դիտարկելով որպես առողջապահական համակարգերի արդյունավետության կարևոր չափանիշ։

Ընտրվելու դեպքում Գևորգ Թամամյանի առաջին պաշտոնական այցը նախատեսվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որին կհաջորդեն այցերը ԱՄՆ և Արգենտինա՝ այդ երկրների ԱՀԿ վերադարձը քննարկելու նպատակով։

Միաժամանակ «Տվեք ինձ հինգ առաջարկ» նախաձեռնությամբ Թամամյանը հրավիրում է աշխարհի տարբեր երկրներից մարդկանց մասնակցել ծրագրի կատարելագործմանը՝ ներկայացնելով առաջարկներ այն մասին, թե ինչ պետք է ԱՀԿ-ն անի կամ դադարի անել։

«Լավ գաղափարը պարտադիր չէ, որ ներկայացված լինի հենց իմ կողմից։ ԱՀԿ-ն պատկանում է իր անդամ պետություններին և ծառայում է մարդկանց ամբողջ աշխարհում», — նշում է Թամամյանը։

«Տվեք ինձ հինգ առաջարկ» նախաձեռնության շրջանակում ձեր առաջարկները կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեներով`  Ջեմմա Առաքելյանին՝ [email protected] և Արփի Ասմինյանին՝ [email protected]:

Հիշեցնենք, որ հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը։ Նա ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածուն է։ Ընտրությունը նախատեսված է 2027 թվականին։

  • Կիսվել: