Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․Չեմ կարծում` Ադրբեջանն այս փուլում հետ կկանգնի. Ալեն Սիմոնյան
Մեր ընդդիմադիր գործընկերները ուզում են շարժվել այլ պետության օրակարգով։ Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք մեր օրակարգը պետք է բերենք, մենք որոշել ենք, ու ժողովուրդը մեզ սատարում է, որ պետք է խաղաղություն հաստատենք։ Մենք այդ ընթացքում տարբեր խնդիրների ենք բախվելու, և դրանք լուծելը մեր աշխատանքն է։ Եթե այդ խնդիրները չլինեին, խաղաղության պայմանագրի գործընթացը ավարտված կլիներ։ Հիմա իմ ասածն այն է՝ մի մտեք այլ տրամաբանության մեջ։
Այն փաստաթուղթը, որը հիմա քննարկվում է, մենք միակողմանի չենք գրել, քննարկել ենք իրենց հետ ու եկել համաձայնության, դա միակողմանի չէ։ Պետք է ասեմ, որ վերջին ժամանակահատվածում որևիցե քննարկում, որտեղ Ադրբեջանի կողմից ունեցել ենք վստահեցում, որ դա իրենց համար ընդունելի է, մենք խոչընդոտների չենք հանդիպել»,- վստահեցրեց նա։