երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վիրավորական է ինձ «հայրենիք հանձնող» համարելը. ՔՊ–ականը` Փաշինյանի «համբալ» արտահայտության մասին

Վիրավորական է ինձ «հայրենիք հանձնող» համարելը. ՔՊ–ականը` Փաշինյանի «համբալ» արտահայտության մասին

Հայաստանը ժողովրդավարական երկիր է և ԱԱԾ պադվալում հայտնվում են այն մարդիկ, ովքեր պետք է հայտնվեն այնտեղ, ոչ թե ինչ-որ լրագրողի միայն հրապարակումը հիմք ընդունելով, կամ ինչ-որ քաղաքացու ասածը։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրներին ԱԱԾ պադվալները լցնելու և կախելու կոչերին։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ արվեն և ժողովրդի կոչը հաշվի առնելով՝ մարդկանց կախաղան հանելը դառնա Հայաստանում արդարադատության գործիքներից մեկը, նա պատասխանեց. «Եթե նման ցանկություն ունենայինք, նախ մենք այս երկրում հեղափոխություն չէինք կարող իրականացնել։ Այո, ժամանակին հենց նման կերպ էին հարցերը լուծվում։ Մենք ժողովրդավարական ուղով ենք գնում, մենք տարիներով, տասնամյակներով, թալանածը հետ բերելու համար ինստիտուտներ ենք ստեղծել, դատարաններ ենք ստեղծել, օրենք ենք ընդունել, որպեսզի ինստիտուցիոնալ ճանապարհով գնալ, այլ ոչ թե վերցնել ձեռքերից և բաժանել ժողովրդին»։

Նա ընդգծեց, որ իր տպավորությամբ, եթե նայենք շատերի արածներին, բոլորը պետք է նստեին, և չպետք է լինեին ԱԺ–ում. «Իսկ այստեղ են, որովհետև այնպես չեն արել, որ կարողանաս մի օրում դա բացահայտել։ Մի գործի հետևից գնալուց բազմաթիվ խոչընդոտներ ես տեսնում, որը այլոց իրավունքներ կարող ես խախտել այսինչ արդարությանը հասնելու համար»։

Ինչ վերաբերում է գործող իշխանության գործողություններին, նա ասաց. «Մենք այնպիսի գործողություններ չենք անում, որպեսզի հետո պատասխան տանք։ Սա չի նշանակում, որ չկան վատ դրսևորումներ։ Ցանկացած հասարակության մեջ ցանկացած երկրում այն չէ, որ չկա ոչ մի կոռուպցիոն դրսևորում, չկա մարդասպանություն, գողություն։ Հարցն այն է, թե այդ արատավոր դրսևորումների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունի իշխանությունը, արդյոք, օրինակ, թալանը համակարգային է, թե ոչ։ Եթե լիներ համակարգային, ապա դուք այսօր, օրինակ, ԱՆԻՖ–ի հետ կապված հարցեր չէիք կարող ուղղել և միգուցե չկարողանայիք իմանալ, որովհետև այդ մասին առաջին հանձնարարականները հենց վարչապետի կողմից են եղել»։

Լրագրողներին հետարքրքւոմ էր նաեւ ՔՊ–ական պատգամավորի կարիծքը այն փաստի վերաբերյալ, որ վարչապետը ընդդիմադիր պատգամավորներին անվանում է «համբալ». «Ես չեմ կարող մեկնաբանել ամեն ինչ։ Ես շատ բաներ եմ լսում, ինձ համար ընդունելի չէ, երբ որ պատգամավորներին ասում են՝ հայրենիք հանձնող։ Դա ինձ համար ամենամեծ վիրավորանքն է։ Այդ հարցերն ուղղեք վարչապետին, վստահ եմ, որ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը»։

  • Կիսվել: