Վենսը հայտարարեց ՀՀ էներգետիկ ոլորտում 9 մլրդ դոլար ներդրում անելու մասին
Երեւան: Մեդիամաքս:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը այսօր ստորագրել են համատեղ հայտարարություն, որով ազդարարվում է միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի (123 Agreement for Peaceful Nuclear Cooperation) շուրջ բանակցությունների ավարտը:
՛՛Այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացմանը և անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը՛՛,-հավելել է Փաշինյանը:
Ընդ որում, ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ այդ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ, ինչը կբարձրացնի ամերիկյան արտահանումը 5 մլրդ դոլարով սարքավորումների տեսքով, իսկ հետո եւս 4 մլրդ դոլարով կկազմեն վառելիքի մատակարարման եւ ռեակտորների սպասարկման պայմանագրեր (երկարաժամկետ հեռանկարում):
՛՛Դա նշանակում է, որ փոքր մոդուլային ռեակտորները, ամերիկյան տեխնոլոգիաները կբերվեն այստեղ։ ԱՄՆ-ն շատ քիչ դեպքերում է իր տեխնոլոգիաներն այդքան վստահ փոխանցում այլ երկրների՛՛,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ այս փոխշահավետ համագործակցությունը ՛՛կնպաստի էներգետիկ կայունությանն ու անվտանգությանը՛՛, ինչպես նաև կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր:
Մինչ այդ Վենսը Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել էր, որ այս փուլում Հայաստանը կարող է կարևոր հենարան դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:
Նրա կարծիքով՝ դա կնպաստի խաղաղ պայմանավորվածությունների պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև կարող է բարգավաճում ապահովել Հայաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների համար:


