Վայոց Ձորի մարզպետի պաշտոնական հրաժարականն ուշանում է
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը խոստացել էր փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կատարվածի պատճառով հրաժարական տալ, դեռ պաշտոնապես չի հայտարարել հրաժարականի մասին։
Փորձեցինք Սարգսյանից հստակեցնել՝ արդյոք կատարելու է խոստումը, թե զղջացել է հրաժարական խոստանալով, սակայն Primenews-ի մի քանի հեռախոսազանգերին մարզպետը չպատասխանեց։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության: Նրան ծեծելու մեջ մեղադրվում է մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Ըստ որոշ տեղեկությունների, մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես եղել է դեպքի վայրում։ Սակայն վերջինը հերքել էր իր մասնակցությունը միջադեպին։
Փոխգնդապետ Արա Մխիթարյանը հիվանդանոց էր տեղափոխվել «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ։ Նա օրեր շարունակ գտնվում է կոմայի մեջ։
Կատարվածից հետո Տրդատ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ
լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։ Զորավարժությունները, նկատենք, ավարտվել են հոկտեմբերի 5-ին։