Վարչապետի թեկնածուի անունը պարտադիր պայման է իմպիչմենտի գործընթացը սկսելու համար․ Արթուր Վանեցյան
Վարչապետի թեկնածուի անունը պարտադիր պայման է իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հաղորդավարի այն դիտարկմանը, թե ինչն է պատճառը, որ արդեն 4 տարի է՝ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում սկսել իմպիչմենտի գործընթացը, արդյոք վարչապետի թեկնածուի անունն է պատճառը, Վանեցյանը պատասխանեց․
«Վարչապետի թեկնածուի անունը չէ պատճառը, բայց վարչապետի թեկնածուի անունը պարտադիր պայման է իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Պատգամավորները 2-3 տարի չեն կարողանում պայմանավորվել, թող մեկ պատգամավոր իր լիազորությունների շրջանակում խորհրդարանի ընդհանուր բաժնից վերցնի ձևաթուղթը և լրացնի այն, հրապարակի, և տա մյուս պատգամավորներին՝ լրացնելու։ Մենք էլ կիմանանք, թե որ պատգամավորն է ստորագրում, որը՝ ոչ։ Իմ կարծիքով՝ չկա նման իրական ընդդիմադիր պատգամավոր, որը նման փաստաթղթի տակ չստորագրի: Ես չեմ կարծում, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմում որևէ մեկը դեմ է Փաշինյանին իշխանազրկելու գործընթացին»։