ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Վահան Կոստանյանը Միրոսլավ Պապայի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը

Վահան Կոստանյանը Միրոսլավ Պապայի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի քաղաքական և արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Երկուստեք արձանագրել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին նպաստող Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման բարեփոխումներին օժանդակող Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի իրագործման արդյունավետությունը:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերի համատեքստում՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի անհապաղ ստորագրման և վավերացման անհրաժեշտությունը և այդ առումով միջազգային գործընկերների հետևողական աջակցությունը:

Տարածաշրջանային մարտահրավերների շարքում զրուցակիցները քննարկել են նաև հումանիտար խնդիրներ՝ կարևորելով դրանց հասցեագրման հրատապությունը:

  • Կիսվել: