Վահագն Հովակիմյանը որպես ԿԸՀ նախագահ, չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևանյան
«Վահագն Հովակիմյանը որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, չի կարող լինել անկախ և անաչառ։ Օբյեկտիվորեն չի կարող՝ ելնելով նրանից, որ ոչ թե մի կուսակցության անդամ է եղել նախկինում, այլ հիմնադիր անդամ է եղել»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունից առաջ լրագրողներին ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա, այն, ինչ կատարել է ԿԸՀ-ն՝ պատշաճ վերահսկողություն չիրականացնելով ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ, այն, ինչ կատարվեց վարչական դատարանի վճիռը չկատարելու միջոցով վերաքվեարկության հետ կապված, որտեղ բառացիրորեն գրված էր, որ ԿԸՀ-ն ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն, այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի՞, թե՞ ոչ։
«Գտնում եմ, որ ունի»,- նշեց նա։
Վարդևանյանն ընդգծեց, որ Հայաստանում տեսնում են դատաիրավական համակարգի անկախության, երաշխիքների գործունեության լրջագույն խնդիր։
«Սահմանադրականի դատարանը միակ մարմինն է, որը վերիշխանական է, կարող է վեր լինել բոլոր ճնշումներից, ցանկացած միջամտությունից, իսկապես վերիշխանական դիրքից լուծել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ վեճը։ Իսկ այն, որ ընտրությունները եղել են ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման, մի շարք այլ ընտրախախատումների դեպքերով, որոնք հավասարությունն ու ազատությունը խաթարել են, դա փաստ է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը սկսվել է հունիսի 26-ից։



