Այս իշխանությունը գողացել է մեր հույսը, մսխել հեղափոխության դրական էներգետիկան, ընտրելով մեզ՝ կվերադարձնեք այդ հույսը․ Հայկ Մարության (տեսանյութ)
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և հանդես եկել եզրափակիչ ելույթով։
«Ուղիղ հինգ տարի առաջ այս օրերին մենք նորից գնում էինք ընտրությունների, որպեսզի ձեր քվեի միջոցով ամրագրենք ժողովրդական հեղափոխության արդյունքները։ Երևի լավ կհիշեք այդ օրերի տրամադությունը՝ դրական լիցքեր, հաղթանակի և արդարության հույս կար օդում, իսկ ինչ ունենք այսօր՝ հինգ տարի անց։
Արդյո՞ք մեր երազանքները իրականացել են, արդյո՞ք մենք ունենք նոր որակի կառավարում, արդյոք պաշտոնյաները համեստ են, բանիմաց և անկաշառ։ Մի խոսքով՝ արդյոք մենք գոհ նք մեր պայքարի արդյունքներից, թե ոչ։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, որը կար 2018 թ-ին, ուղղակի չքացել է, իսկ քաղաքականության մեջ մարդիկ իրենց հիմնական գործիքը դարձրել են կեղծիքը, բամբասանքը և թշնամանքը՝ իրենց մրցակիցների հանդեպ։
Այն ժամանկ մենք հույս ունեինք, որ հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունը գնալով կզարգանա, կպարզաջրվի, կհղկվի և կդառնա ավելի արդյունավետ։ Այնինչ նրանք ուղղակի փակվեցին իրենք իրենց մեջ ու դարձան ուղղակի կուսակցական վերնախավ, ինչպիսին մեր ժողովուրդը շատ է տեսել վերջին տասնամյակներին։ Արդարության ու ժողովրդավարության լոզունգներով իշխանության եկած մարդիկ սկսեցին մտածել միայն իրենց ու իրենց ընտանեկան բարեկեցության մասին և անգամ պատերազմից հետո նրանք չկարողացան հրաժարվել ճոխ կենցաղից և թանկարժեք ժամանցից»,- ասաց Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները մսխել են հեղափոխության դրական էներգետիկան։
«Եթե հին իշխանությունները գողանում էին մեր փողը և քվեն, ապա այս իշխանությունը գողացել է մեր հույսը։ Քարոզարշավի այս օրերին մենք եղել ենք բոլոր վարչական շրջաններում, շրջել ենք բոլոր բակերում և փողոցներում, ձեզնաից անսահման շատ սեր և ջերմություն ենք ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ, իսկ ձեր աջակցության խոսքերը մեզ ավելի մեծ վստահություն են տվել, որ մեր գործը արդար է։
Այսօր ես պետք է խնդրեմ ձեզ, որ այդ սերը ջերմությունը և աջակցության խոսքերը վերածենք գործողության։ Ընտրելով մեզ դուք մեր քաղաքին կվերադարձնեք այն հույսը, որը փորձում են մեզանից գողանալ»,- նշեց Հայկ Մարությանը։


