հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
«Թրամփի ուղու» իրագործումը կարող է հանգեցնել ՀՀ-ում ամերիկյան մասնավոր ռшզմшկան ընկերությունների հայտնվելուն․ ՌԴ ԱԱԽ

«Թրամփի ուղու» իրագործումը կարող է հանգեցնել ՀՀ-ում ամերիկյան մասնավոր ռшզմшկան ընկերությունների հայտնվելուն․ ՌԴ ԱԱԽ

Հայաստանում «Թրամփի ուղի»՝ TRIPP, նախագծի իրականացումը կարող է հանգեցնել երկրում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և հետախուզական ենթակառուցվածքների հայտնվելուն։ Այս մասին, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայության, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ նախատեսվում է նախագծի իրականացմանը մասնակցող ամերիկահայկական ընկերությանը փոխանցել երթուղու ողջ երկայնքով անվտանգության ապահովման գործառույթները, մինչդեռ հայկական կողմը կպահպանի սահմանային և մաքսային վերահսկողությունը։

«Իրականում դա կարող է հանգեցնել նրան, որ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները «մուտք գործեն» Հայաստան, իսկ Իրանի սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղակայվեն ամերիկյան հետախուզական ու, թերևս, այլ ենթակառուցվածքներ»,-ասել է Շևցովը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակը կարող է հարցականի տակ դնել բուն երթուղու և դրանով իրականացվող փոխադրումների անվտանգությունը։

Շևցովը հավելել է, որ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի իրագործման հետ կապված վեճերը լուծվելու են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան, իսկ կապալառու ընկերությանը տրամադրվելու են հողօգտագործման բացառիկ իրավունքներ։

«Սա ենթադրում է, որ ամերիկացիները կկարողանան «զտել» իրենց վերահսկողության տակ գտնվող երթուղու հատվածով անցնող բեռները»,-նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Շևցովն իր մտահոգությունները կապել է նաև ԱՄՆ-ի ընթացիկ քաղաքականության և Հորմուզի նեղուցի շուրջ վերջինիս գործողությունների հետ։

«Ըստ այդմ՝ հաշվի առնելով համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» նրանց վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը բավականին կասկածելի է թվում»,-ասել է պաշտոնյան:

  • Կիսվել: