շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք. Նիկոլ Փաշինյան

«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող մտահոգություններին, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղին կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի առևտրային և լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա կարևոր առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ կարող է փոխել Թրամփի ուղու ստեղծման նախագիծը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ 

«Գիտեք, օրինակ, ի՞նչ կարող է փոխել այս նախագիծը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այս նախագծով Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը մենք 30 տարի չունենք։ Այս տրամաբանության մեջ այդ երկաթուղային կապը մենք կարող ենք ստանալ և Թրամփի ուղով և առանց դրա, որովհետև այդ երկաթուղային կապը կարող է լինել Վրաստան-Ադրբեջան երթուղով։ Էլ չեմ ասում, որ կարող է լինել երկաթուղային կապ ինչ-որ մի այլ սցենարով։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի  կառավարման ներքո և, գուցե, Ռուսաստանի համար հետաքրքրություն առաջանա ներդրում անել Իջևան-Հրազդան երկաթուղին վերականգնելու համար, Իջևան-Ղազախ երկաթուղին վերականգնելու, իհարկե, այստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»,- նշել է Փաշինյանը։ 

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանն այդ նախագծով երկաթուղային կապ է ստանում նաև Իրանի հետ, որը էլի շատ կարևոր է։ 

«Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե, նաև լաստանավային սցենարով։ Այդ թվում Չինաստանն է ստանում երկաթուղային նոր ճանապարհ դեպի Արևմուտք, որն այս պահին գոյություն չունի։ Հետևաբար, շատ կարևոր է դիտանկյունի հարցը։ Այո, կա այդ մեկնաբանությունը, որ դա խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի կամ Իրանի շահերի համար, բայց եկեք այլ դիտանկյունից նայենք, իսկ միգուցե, այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Եկեք չմոռանանք, որ իրանական ընկերությունը իրականացնում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկայում մենք կսկսենք երկաթուղու կառուցումը Մեղրիի հատվածում, և դա կարող է նաև գործակցության կարևոր հնարավորություն բացել, Երասխ-Ախուրիկ երկաթուղու վերագործարկման հնարավորություն կարող է բացվել։ Ես նկատի ունեմ, որ այս նախագիծը կարող է նաև որոշակի անսպասելի, բայց պոզիտիվ գործընկերության տեղ դառնալ, և «Խաղաղության խաչմերուկ»-ը սրանով կարդարանա, որովհետև այն երկրները, որոնք, գուցե, խնդիրներ ունեն, ստանում են այս հնարավորությունը՝ գործակցելու Հայաստանում և Հարավային Կովկասում։ 

 

  • Կիսվել: