Թովմասյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱԺ-ի նկատմամբ` ներկա չլինելով նիստին. Ալեն Սիմոնյան
Շատ բացասական եմ գնահատում Հրայր Թովմասյանի այստեղ ներկա չլինելը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ իր լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քննարկմանը ներկա չլինելուն:
Ըստ Սիմոնյանի՝ Թովմասյանը դրանով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել խորհրդարանի նկատմամբ:
Սիմոնյանի կարծիքով՝ Թովմասյանն արել է հերթական քաղաքական հայտարարությունը, ինչն ինքն անընդունելի է համարում:
«Պարոն Թովմասյան, դուք Սահմանադրական դատարանը չեք, դուք ընդամենն այդ դատարանի մեկ անդամ եք, Ձեզ մի վերագրեք ամբողջ դատարանի գործառույթը»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Թովմասյանն այսօր հայտարարել էր. «Նպատակահարմար չեմ համարում մասնակցել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ նախագծի քննարկմանը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն»: