շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՏԿԵՆ-ը մանրամասներ է հայտնել հայ-իրանական հանդիպումից. ինչ է քննարկվել

ՏԿԵՆ-ը մանրամասներ է հայտնել հայ-իրանական հանդիպումից. ինչ է քննարկվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Քննարկվել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

«Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին։ Նախարար Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Կողմերը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։

ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին, իր հերթին, վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում, ինչպես նաև աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև իրանական կողմը։

  • Կիսվել: