Տեսնում ենք հավանականություն, որ դրսից միջամտության փորձ կարող է լինել․ Ռուբինյանը՝ ԵՄ–ի աջակցության մասին
Սպառնալիքները հայտնի են, դուք չեք տեսնո՞ւմ, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, կամ չեք տեսնո՞ւմ, որ ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ–ն 15 մլն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։
«Չեք տեսնում, որ օրինակ, երկու օրվա մեջ բացվում են անգլալեզու ինչ–որ կայքեր ու սենսացիոն ֆեյք լուր են գրում։ Ասենք, գրում են՝ Փաշինյանը Կանադայում տուն է գնել կամ Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը ինչ-որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ-որ թուրք լրագրող է գրում, և օրեր անց դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։
Հարցը անհանգստացնել–չանհանգստացնելու մասին չի, տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ և այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում ենք»,–ասաց նա։
Հարցին՝ Հայաստանի իրավապահները չեն կարո՞ղ դա կանխել, Ռուբինյանը պատասխանեց. «Կարող են։ Բա հո Եվրամիության իրավապահները չեն գալու կանխեն, պարզ չի՞, որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի, մեթոդների փոխանակման մասին է»։


