Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը. Բաղայի
Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ տարածաշրջան կատարած այցին։
Բաղային նշել է, որ Իրանն իր դիրքորոշումը ժամանակին հասցնում է Հայաստանի և Ադրբեջանի ուշադրությանը՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։
Նա նաև հավելել է, որ Թեհրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։
Բաղային ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի առանցքային թեմաներից մեկը «Թրամփի ուղին» էր։
Նշենք նաև, որ այս պահին Վենսը հանդիպում է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


