Ճանաչողական այցով Շիրակ մարզում էր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին
Ճանաչողական այցով հոկտեմբերի 20-ին Շիրակ մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։
Դեսպանին ընդունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը: Անդրադառնալով հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցության խորացմանը, մարզպետը տեղեկացրել է, որ Շիրակի մարզն արդեն ունի համագործակցություն Լեհաստանի Վելիկոպոլսկայա Վոյևոդության հետ, իսկ Գյումրին ու Արթիկը նաև հուշագրեր ունեն Լեհաստանի Բելոստոկ և Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքների հետ։

Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Շիրակի մարզով, իսկ մարզպետի անմիջական ընդունելությունը համարել է լավ բարեկամությունը շարունակելու և ամրապնդելու կարևոր նախապայման. «Առաջին անգամ եմ ձեր մարզում և շատ հաճելի ու ջերմ տպավորություններ եմ ստացել։ Վստահ եմ՝ այն պատրաստակամությունն ու անմիջականությունը, որ դուք ցուցաբերում եք՝ կդառնա մեր համագործակցության ամրապնդման հիմք»,-նշեց դեսպանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները։ Շիրակի մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրների լուծման հարցում և երախտագիտություն հայտնել նաև բարեկամ երկրների՝ մասնավորապես Լեհաստանի աջակցության համար։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ կարևորելով համատեղ ջանքերով տարբեր բնագավառներում գործակցությունն ամրապնդելն ու խորացնելը:


