շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Տարակուսանք են առաջացնում Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականները և մանավանդ՝ ՌԴ-ի գրեթե բացարձակ լռությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

Տարակուսանք են առաջացնում Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականները և մանավանդ՝ ՌԴ-ի գրեթե բացարձակ լռությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է «Իլուր»-ի հարցին, թե ինչպես կգնահատի Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագիրը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որեւէ դրական բան չի տեսնում, այլեւ, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետեւանքները։

Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։

Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեեւ, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները եւ, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը։ Իրանական դիվանագիտությունն այնքան նուրբ է, որ երբեմն դժվար է անմիջապես այն ընկալել։ Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որեւէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլեւ դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի եւ Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որեւէ թյուրըմբռնում չեմ տեսել»։

  • Կիսվել: