չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Տանել, գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ բան կորզել, դրա վրա կառուցել քրգործ, արատավոր գործառույթ է. ԱԺ նախագահի կոչը՝ իրավապահ մարմիններին

Տանել, գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ բան կորզել, դրա վրա կառուցել քրգործ, արատավոր գործառույթ է. ԱԺ նախագահի կոչը՝ իրավապահ մարմիններին

Ես դեմ եմ այն տրամաբանությանը, որ քննիչին խափանման միջոցի մասով հնարավորություն տրվի օգտագործել կալանքը: Այս մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դիմում եմ քննչական մարմիններին, բոլոր իրավապահ մարմիններին, ուզում եմ տեղյակ պահել, որ անձամբ զբաղվելու եմ և հետևելու եմ այն փորձին, որ մարդուն ուղղակի բռնեն, տանեն, նստացնեն, մինչև ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղից գրի, պատմի և ասի... Այդպես չեն աշխատում, այդ պրակտիկան՝ մարդուն տանել, գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ մի բան կորզել ու դրա վրա կառուցել քրեական գործ, արատավոր գործառույթ է, դատարաններում քանդվելու է, դա պետք է դատարաններում վերացվի:

Կոչ եմ անում մեր դատավորներին. հարգելի՛ դատավորներ, խնդրում եմ ձեզ, հորդորում եմ, որ նման գործերով չբավարարել միջնորդությունները՝ անկախ, թե ում է դա վերաբերում, անկախ, թե ում կվերաբերի: Մի՛ արեք, եթե տեսնում եք, որ արվում է այն բանի համար, որ քննիչն ուղղակի 3 գործողություն քիչ անի, բայց ունենա ինչ-որ փաստաթուղթ, որտեղ մարդն ինքն իր վրա ցուցմունք է տալիս կամ ինչ-որ բան է վերցնում: Մի՛ արեք:

Կրկնում եմ. դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին, հետևելու եմ դրան, բարձրաձայնելու եմ, դրա մասին խոսելու եմ: Չանե՛ք նման բան»,- ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը «ոչ մեծ ծանրության» հանցանքից «միջին ծանրության» դարձնելու հարցը:

  • Կիսվել: